«Դե ասա, ասա, ձեր Լոռին ինչ է տվել, դե թվիր տեսնեմ՝ ովքեր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները». գիտե՞ք՝ ինչ պատասխան էր տվել Ֆրունզիկի այս հարցին Սոս Սարգսյանը

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Սոս Սարգսյանի հուշերից մի հատված:

… Ցուցահանդեսներ էլ բաց չէինք թողնում: Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնաս, քեզ հետ հետաքրքիր էր, քո նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բան էին բացում, առանձնապես մեր ընկերներ Աթոյան Ռաֆիկի, Մելքոնյան Աշոտի, Մուտոյի, Սիրավի, մեր Զուլումի, մեզ հետ բոյ քաշած մյուս տղերքի գործերը…

Սրանց հաջողություններով շատ էինք ուրախանում: Վիճում էլ էինք, իհարկե: Հետաքրքրիր է, մեր ջահել դերասանները հայ նկարիչներին գոնե գիտե՞ն… Սարյանի անունը լսած կլինեն:
Հասնում էինք Մինասին, երկար էինք մնում…

Այո, տաղանդավոր մարդու հաղթանակը և՛ գեղեցիկ է, և՛ ազգինն է…
Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքան ես խեղճացրել ինձ քո Շիրակով: Թվում էիր ու թվարկում՝ քանի նկարիչ եք տվել, քանի դերասան, քանի գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան, քանդակագործ: Վերջինից հատկապես նշում էիր Մերկուրովին՝ հայ չի, բայց մենք ենք աճեցրել… Նեղն էիր լծում ինձ, լոպազանում էիր:

-Դե ասա, ասա, ձեր Լոռին ինչ է տվել, դե թվիր տեսնեմ՝ ովքեր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները…
Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել քո պատասխանը.
-Հա, շատ եք, լավն եք, բայց մենք՝ լոռեցիներս, էդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք, հազար տարին մեկ ազգի համար ծնում ենք մի… Թումանյան Հովհաննես…

Բա, ախպեր ջան, էս էլ իմ ուշացած պատասխանը քեզ:
Դա քիչ էր, ձեռ էիր առնում.
-Դե, մալականի դպրոց ավարտած, հայերեն էս երգը երգի…

Ու երգում էիր համով-հոտով: Նախանձում էի:
«Սիրտս գայլերին թող բաժին դառնա…» կամ՝ «Լուսնյակ գիշեր…» Սրանցից ո՞րն էր, որ կատարեցիր «Եռանկյունի» ֆիլմում:
Մեկ-մեկ էլ խղճահարվում, ասում էիր՝ արի սովորեցնեմ: Սովորում էի, բայց դե… Մինչև հիմա էլ նախանձում եմ հայոց դպրոց գնացածներիդ, հարազատ մոր կաթ կերածներիդ: Նախանձելը ոչինչ, մի ամբողջ կյանք տանջվեցի հայերենն իմ մեջ իր տեղը գցելու համար: Մինչև հիմա էլ ստորակետներից գլուխ չեմ հանում: Ամոթ:

Բայց Շիրակ, Կումայրի, Գյումրի, Ալեքպոլ… Լավ էր, որ Լենինականից պրծանք, բայց Կումայրին այսօր հեռու է ու սարքովի է թվում:
Ինչ օրեր ենք անցկացրել երազային այդ քաղաքում, քանի ֆիլմ ենք նկարահանել, ինչքան ենք քեզ հետ մեզ այնտեղ զգացել մեր հարազատ տանը… Հայության հոգին էր, քաղաք չէր…

Տեսա՞ր ինչ եղավ: Կվերականգնվի՞, կվերածնվի՞ նրա համն ու հոտը… Երանի, երանի մեր զավակները իմանան, վայելեն մեր տեսածը… Ու որ դու գործ ունես անելու քո քաղաքի համար: Ինչպեսն էլ դու գիտես…