Ահա այսպիսին է եղել սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը երիտասարդ տարիներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Դերասանուհի, բեմադրիչ Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևանում: Լալան տարբեր դերերով հանդես է եկել բազմաթիվ թատրոններում` Երևանի երիտասարդական, Վանաձորի Հ.Աբելյանի անվան, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, «Մետրո», Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և այլն:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Սմերալդինա), Ռ.Թոմաի «Ութ սիրագորով կանայք» (Օգյուստինա), Ռ.Լոտարի «Արքա Առլեքին» (Գիզա), Վ.Մայակովսկու «Փայտոջիլ» (Ռոզալիա Պավլովնա), «Բաղնիք» (Մեզալյապսովա), Ա.Սաստրեիի «Վիլհեմ Թելի թախծոտ աչքերը» (Գերտրուդ), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Պոլլի Պիչեմ), Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Սոնյա), Ա.Զուրաբովի «Երկու քույր» (Լիկա), Ա.Գելմանի «Նստարան» (Վերա), Ժ.Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը» (Արմինե), Գ.Սարգսյանի «Հորովել» (Անահիտ), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Մարինա), Ս.Մարշակի «12 ամիս» (Արքայադուստր) և այլն:

Խաղացել է նաև ռուս հանդիսատեսի առջև` Մոսկվայում, Արմեն Ջիգարխանյանի թատրոնում: Եղել է «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի, «Էդքան էլ ճիշտ», «Վարպետն ու Մարգարիտան», «Թաքնված տաղանդը», «Ֆուտբոլը», «Նվերը» ներկայացումների սցենարիստն ու ռեժիսորը:

Եղել է նաև միջազգային և հանրապետական մրցույթների ասմունքի դափնեկիր, 140 մանրապատումների սցենարիստ և դերակատար:

Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Մեր բակը 1» (1996թ.), «Մեր բակը 3» (2005թ.) և այլ ֆիլմերում: 2006 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: