Երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար հայազգի Գրեգ Հոշարյանը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից, երբ հայրը՝ կոմպոզիտոր/դիրիժոր Էդվարդ Հոշարյանը, դարձել է նրա առաջին երաժշտության ուսուցիչը։ Երբ Գրեգը 13 տարեկան էր, նա սովորեց դաշնակահար Ակիկո Դոհիի մոտ և սկսեց արդեն ստեղծել իր սեփական երաժշտությունը՝ հաղթելով դաշնամուրի տարբեր միջազգային մրցույթներում՝ նվագելով ինչպես դասական ընտրանիներ, այնպես էլ իր ստեղծագործությունները: Նա հաճախել է Լոս Անջելեսի շրջանի արվեստների ավագ դպրոցը, որտեղ փորձեր է կատարել տարբեր գործիքների և երաժշտության ոճերի հետ:
Գրեգը կոմպոզիցիայի բակալավրի կոչում է ստացել Կալիֆորնիայի Արվեստների ինստիտուտից և մագիստրոսի կոչում Կալիֆորնիայի նահանգի Նորթրիջի համալսարանից: Գրեգը նաև ստեղծագործում է սաունդթրեքեր ֆիլմերի, հեռուստատեսության, անիմացիոն և տեսախաղերի նախագծերի համար:
Գրեգը որպես դաշնակահար շրջագայությել է ողջ աշխարհով, ստեղծել նաև սեփական երաժշտական խմբերը, որոնցից մեկն է «Armenian Pops Orchestra»-ն։ 2009 թվականին այն բացառիկ մեծ համերգով հանդես է եկել Երևանում: «Armenian Pops Orchestra»-ն կատարեց Գրեգի «Սիմֆոնիա թիվ 2 – Սևանա լճի ջրերը» ստեղծագործության պրեմիերային նվագախմբային տարբերակը 2010 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Անջելեսի Zipper Hall-ում։
Գրեգը կազմակերպում է էթնիկ հայկական դասական և կամերային երաժշտության համերգների շարք աշխարհի տարբեր վայրերում: Այդ համերգները, որոնցում նա նույնպես ելույթ ունենում, ներկայացնում է իր հեղինակային երգերը, նաև հայկական երգեր: Եվ այս ամենն ուղված է հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: