Հայ միջնադարյան նշանավոր կամուրջներից է Աշտարակ քաղաքում, Քասաղ գետի վրա կառուցված կամուրջը: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու ` կամուրջը կառուցվել է 1664 թ. Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորի կողմից, իսկ այս մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև:՝
Աշտարակի կամուրջը կարևորագույն դեր է խաղացել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման ու ռազմական տեղաշարժերի ապահովման համար:
Համաձայն մի ժողովրդական ավանդազրույցի՝ Աշտարակի հին կամրջի հիմքը դնելիս, գետը քշել տարել է նրա քարերը: Ամեն անգամ փորձել են նորից դնել հիմքը, սակայն գետն այն դարձյալ քանդել ու տարել է: Գյուղի ծերերը կամրջի վրա աշխատող վարպետներին ու բանվորներին խորհուրդ են տալիս հիմքը նոր տեղից դնել և, որպեսզի այն չքանդվի, պատաշարի մեջ կենդանի վիճակում թաղել մի որբ աղջկա: Բանվորները ման են գալիս և շուտով գյուղից գտնում են մի որբ աղջկա, նրան գնում են խորթ մորից և կենդանի թաղում են կամրջի պատի մեջ:
Սկզբում աղջիկը աղիողորմ լալիս է և օգնություն կանչում, սակայն հետո նրա ձայնն այլևս չի լսվում, և նա մնում է պատի մեջ: Դրանից հետո կամուրջը չի քանդվում և բարեհաջող հասնում է իր ավարտին: Ըստ ավանդազրույցի, կամուրջը մինչև օրս կանգուն է այդ որբ աղջկա դառն ճակատագրի շնորհիվ: