Գիտե՞ք, թե ինչու ենք խաչակնքվում և ինչ խորհուրդ է այն իր մեջ պարունակում

Խաչակնքել բառը հայերենում ճիշտ է արտահայտում իմաստը՝ խաչ և կնքել, խաչի կնիքը դնել մեզ վրա, այն է Ավետարանական ամբողջ ճշմարտությամբ կնքվել: Իսկ կնքվողը պատկանում է միայն կնքողին՝ Աստծուն:`

Երբ երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք միմյանց, դա խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները՝ ճկույթն ու մատնեմատը, միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը: Այս անելով՝ յուրաքանչյուր քրիստոնյա նշան է դնում՝ Քրիստոսի նշանը, քրիստոնեության նշանը:

Քրիստոնյան խաչակնքում է աղոթելիս, գործ սկսելիս, եկեղեցի մտնելիս կամ սրբապատկեր տեսնելիս, վտանգի ժամանակ կամ գործի բարեհաջող ավարտի դեպքում: 1-2-րդ դարերում քրիստոնյաները խաչակնքում էին նաև միմյանց հանդիպելիս:

Ադամի ժամանակվանից սկսած մինչև ժամանակների վերջը սատանայի բոլոր ջանքերն ուղղված են խաչի դեմ, որովհետև Տերը, խաչի վրա թափված Իր արյամբ, Իրեն հավատացող ու հնազանդվող մարդկանց բոլոր մեղքերի վարձը վճարեց՝ մաքրելով դրանցից։ Ուստի երբ սատանան տեսնում է խաչը, դողում է՝ հիշելով իր մեծ պարտությունն ու վատնված ջանքերը, և ամաչելով փախչում։ Սա է պատճառը, որ Աստծո որդիները միշտ գործածում են խաչի նշանը որպես Աստծո զորության հաղթության նշան։ Այս նշանով, մինչ թշնամին արտաքուստ դողում է, մենք ներքուստ լցվում ենք զորությամբ։