Կեցցե՛ք, երեխեք ջան, հպա՛րտ ենք․ Տեսեք՝ ինչպես հայ աշակերտների նախագծած սարքը տիեզերք ուղարկեցին

Այսօր մի ուրախալի լուր տարածվեց այն մասին, որ Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով այսօր բաց տիեզերք է ուղարկվել հայկական «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը՝ (payload)։ Վերջինս 21-22 ուստարվա նախագծի արդյունք է։

«Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են այժմ շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենթորներն են ինժեներական ակումբի ղեկավարներ Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ Ռուբեն Քերոբյանը։ Թիմը մասնակցել և հաղթել էր 2022 թվականի Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթին, և սարքն էլ որպես հաղթող է ուղարկվել տիեզերք։

«Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողնվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն՝ հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

Կեցցե՛ք, երեխեք ջան․ նորանոր հաջողություններ ենք մաղթում, հպարտ ենք։