Ի՞նչն է տղամարդուն վանում կնոջից…

Կանանց բնորոշ շատ հատկանիշներ կարող են բացասական ազդեցություն ունենալ կին-տղամարդ հարաբերություններում եւ միգուցե ստիպեն տղամարդուն հիասթափվել իր սիրած էակից կամ անտարբեր լինել նրա նկատմամբ։

Հոգեբանները պնդում են, որ եթե կինը սկսում է հետաքրքրվել տղամարդու կյանքի ցանկացած՝ նույնիսկ ամենափոքր ու ոչ էական հարցերում, ապա նա շատ շուտ ձանձրացնում է տղամարդուն։ Կնոջ չափից շատ հոգատարությունը նույնպես կարող է բացասաբար ազդել իրենց հարաբերությունների վրա, քանի որ դա ընդհանրապես դուր չի գալիս տղամարդկանց։ Նաեւ պետք չէ մշտապես խոսել այն թեմաների մասին, որոնք նրան հետաքրքիր չեն. օրինակ, «հանկարծ բաժակը կոտրեցի», «տան հատակը մաքրեցի», «վարպետը եկավ եւ նորոգեց խողովակները» եւ այլն։ Այս տեղեկատվությունը ոչ մեկ չի ցանկանա լսել ու շատ շուտ կձանձրանա։

Տղամարդուն կնոջից վանում է նաեւ միայն կանանց բնորոշ որոշ մանրուքների մասին խոսելը։ Օրինակ, տղամարդուն հաճելի չէ լսել պիլինգի ու մազահանության, մանիկյուրի ու պեդիկյուրի եւ շատ այլ գործընթացների մանրամասներ։ Ցանկացած տղամարդ նախընտրում է հեռու մնալ նման խոսակցություններից, քանի որ նրա համար կարեւոր է ոչ թե ընթացքը, այլ արդյունքը։ Տղամարդու համար շատ կարեւոր է կնոջ գեղեցիկ կազմվածքը, բայց նրան ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ տանջալից դիետաների միջոցով է կինը պահպանում իր մարմնի գեղեցկությունը։

Տղամարդու համար տհաճ է նաեւ լսել կնոջ նախկին սիրեկանների կամ զուգընկերների մասին։ Հատկապես այն դեպքում, երբ նրանք իրենց սիրեկաններին հիշում են համեմատության համար։  Ի դեպ, այս համեմատությունից մշտապես շատ վատ արդյունք է ստացվում՝ հօգուտ նախկին տղամարդու։

Տղամարդուն հաճելի չէ նաեւ այն, որ կինը փորձում է փորփրել նրա անցյալը։ Նրա նախկին ընկերուհին(ները) իր համար այլեւս քննարկման առարկա չէ։

Եւս մի վանող երեւույթ. տղամարդու հետ շոփինգի գնալը։ Ոչ բոլոր տղամարդիկ են սիրում կնոջ հետ գնումներ կատարել, քանի որ շատ քչերն են պատրաստ այդքան երկար պտտվել խանութներով՝ վատնելով իրենց ժամանակը։

Բայց եթե վերը նշված երեւույթներին տղամարդը կարող է մի կերպ համակերպվել, ապա սեքսից մշտապես հրաժարվելը կսպանի տղամարդու բոլոր զգացմունքները։ Եթե կինը խուսափում է սեքսից, ապա տղամարդն առաջին հերթին մտածում է, որ նա զզվանք է պատճառում կնոջը, ինչից հետո նա դժվար թե շարունակի ապրել նրա հետ։