Ի՞նչ է լայմն ու ի՞նչ օգտակար հատկություններ ունի այն

Կա՞ արդյոք մրգի մի տեսակ, որը կարող է իր օգտակար հատկություններով եւ թթվայնությամբ գերազանցել կիտրոնին։ Այո, լայմը, որը ոչնչով չի զիջում կիտրոնին։ Հետեւաբար եկեք տեսնենք, թե ինչ դրական ազդեցություն կարող է այն ունենալ մարդու օրգանիզմի վրա։

Ամբողջ աշխարհում բոլորը տեղյակ են լայմի օգտակար հատկությունների մասին։ Լատինական Ամերիկայում եւ Արեւելյան Ասիայում լայմն անփոխարինելի ու ամենակարեւոր մրգերից մեկն է, որը կիրառվում է գրեթե բոլոր ուտեստներում։ Իսկ մեքսիկացիներն իրենց հատնի «գուակամոլե» սոուսի մեջ անպայման պետք է լայմի հյութ օգտագործեն, քանի որ լայմն ավելի համեղ ու յուրահատուկ է դարձնում այն։ Իսկ Թաիլանդ գնացողները երբեք չեն մոռանա «տոմ-յամ» ապուրը, որը կրկին պատրաստվում է լայմով։ Իսկ Արաբական թերակղզում լայմը եփում են աղով լի ջրի մեջ, ինչից հետո չորացնում արեւի տակ եւ ստանում իրենց հայտնի «լումի» համեմունքը, որը կարեւոր բաղադրիչ է բրինձ կամ  լոբի պատրաստելիս։

Իսկ ինչն է պատճառը, որ լայմը նման մեծ կիրառություն ունի։ Լայմը հարուստ է վիտամին С-ով, կալցիումով, ֆոսֆորով, պեկտինով, օրգանական թթուներով։ Այն նպաստում է արյան անոթների ամրացմանն ու խոլեստերինի ու տոքսինների օրգանիզմից դուրս բերմանը։ Քանի որ լայմը հարուստ է նաեւ կալցիումով, այն ամրացնում է նաեւ ատամները եւ անգամ սպիտակեցնում դրանց էմալը։ Մրգի այս տեսակն անգամ ունակ է հանգստացնել լարված նյարդային համակարգը եւ կարգավորել մարսողությունը։ Ահա նման հրաշք հատկություններ ունի լայմը։

Ի դեպ, պետք է հիշել, որ ի տարբերություն կիտրոնի՝ լայմը շատ ավելի արագ է փչանում, հետեւաբար այն պետք է պահել սառնարանում։ Լայմը կարելի է նաեւ ավելացնել կոկտեյլների, աղցանների, թխվածքաճաշերի եւ մսային ու ձկնային կերակուրների մեջ։