«Սրբապատկերի նշանն էր մեջքիդ»․ Անմահացած հերոս Գոռի ծննդյան օրը նրա քույրը հուզիչ գրառում է կատարել

Գոռ Վարդանի Երմալովյանը մեկն էր այն քաջերից, ովքեր իրենց կյանքը չխ այեցին հանուն հայրենիքի և ընկան քաջաբար՝ 2020 թվականին մեզ պատուհասած 44-օրյա մարտերում։

Այսօր Գոռը կդռանար 21 տարեկան։ Արդեն երկրորդ տարին է, որ նրա ծնողները, հարազատներն ու ընկերները նրա ծննդյան օրը նշում են՝ առանց նրա ֆիզիկական ներկայության։ Այսօր՝ Գոռի երկնային ծննդյան այս օրը, հերոսի քույրը մի հուզիչ գրառում է կատարել, որն անհնար է առանց արցունքների կարդալ։

Լիլիթ Երմալովյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է եղբոր լուսանկարն ու գրել․

«Բարով ես ծնվել իմ 21 տարեկան Հայտնություն` ամենանվիրական եղբո՜ր, հայրենապաշտ զավա՜կի, հավատիրիմ ընկերո՜ջ, անձնուրաց մարտի՜կի, հպարտ զինվո՜րի…
բարո՜վ ես ծնվել…

Դու հիմա գիտես, որ քո ծննդով բոլոր տարիները մեկտեղվել են ու քեզ պահել այդտեղ՝ ամենաանաղարտ
կետում, որտեղ միշտ մնալու ես նույն պատանին՝ խիզախ, ազնիվ, ում կենսախինդ ոգին երբեք չեն կարողացել կոտրել, ով միշտ ձգտում էր վերելքների, ու այնտեղ, ուր դու ես, երբե՛ք չեմ հասնի…

Դու ծնվել ես, որ ես ամեն օր նայեմ նկարիդ ու երանի տամ, որ քեզ ունեմ, որովհետև Ամենամարդասիրական օրինակն ես դու եղել ու կլինես , ում երբևիցե իմ ամբողջ կյանքում հանդիպել եմ..

Դու ծնվել ես ցույց տալու համար, որ մարդկային պատկերացումից դուրս կա այն կատարյալը, որին հասար դու Գոռս, քո տեսակի կատարելագործումը հենց դա եղավ…

Դու ծնվել ես, որ ամեն մի նոր ծնունդ քեզանով Օրհնված լինի, որ յուրաքանչյուր տոն քեզանո՛վ օծես…

Շատ էիր շտապում, որ հասցնեիր ամեն բան, հիմա գիտես արդեն, որ կհասցնես,
դեռ շա՜տ կհասցնես աշխարհի ցանկացած կետում լինել,
կհասցնես ամենքի ականջին շշնջալ ամենակարևոր պատգամները, որովհետև դու արդեն վաղուց երկնային առաքյալ ես, ով ականատես է ամեն ինչի ու գիտի ամենակարևորը՝ ինչպես պատվով ապրել ու, եթե պետք է, կյանքը տալ նույնիսկ դրա համար…

Դու ծնվել ես,
որ ցանկացած մթություն լուսավորվի քեզանով,
որ քո մասին խոսելիս ցանկացած մռայլ դեմքին ժպիտ հայտնվի,
որ ցանկացած ուժասպառացած վիճակներում առաջ մղող և ուղղորդող Փարո՜սը լինես…

Սովորական չէր քո ծնունդը.
ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻ ՆՇԱՆՆ ԷՐ ՄԵՋՔԻԴ ՈՒ ԽԻԶԱԽ ՄԱՐՏԻԿԻ ԴՐՈՇՄԸ ՃԱԿԱՏԻԴ, ԵՐԲ ԴՈՒ ԾՆՎԵՑԻՐ…

Իմ անանցանելի…
Իմ հարատև Կարոտ…
Բարո՜վ ես ծնվել…»։