Մի քանի խորհուրդ՝ հաջողակ կարիերա կերտելու համար

Ինչպես կարելի է հաջողակ  կարիերա կերտել. այս հարցը տանջում է ոչ միայն համալսարանն ավարտած ուսանողներին, այլեւ մի շարք մասնագետների, քանի որ հազարավոր մարդիկ երկար տարիներ աշխատում են նույն վայրում եւ ոչ մի առաջընթաց չեն կարողանում ունենալ։ Շատերի համար հաջողակ կարիերա ստեղծելն ավելի կարեւոր է, քան աշխատավարձի չափը (չնայած որպես կանոն սրանք մեկը մյուսի հետ շաղկապված են)։ Իհարկե, մենք չենք կարող գուշակել ապագան, բայց այն կարող ենք հաջողակ եւ բարեկեցիկ դարձնել՝ շնորհիվ մի քանի քայլերի։

Նպատակադրվեք. աշխատանք ընտրելիս մենք հաճախ հաշվի ենք առնում դրա հեղինակությունը, բարեկամների եւ մեզ շրջապատող մարդկանց կարծքիները։ Սակայն նախ եւ առաջ պետք է հասկանալ ՁԵՐ նպատակներն ու ցանկությունները, որոնց դուք ձգտում եք հասնել ու իրականացնել։ Հետեւաբար դուրս գրեք ձեր պահանջները եւ վերլուծեք, արդյոք այն համապատասխանում է ձեզ, թե ոչ։ Նպատակադրվեք եւ զինվեք համբերությամբ։

Պատկերացրեք. ժամանակ գտեք եւ ընկեք երազանքների գիրկը։ Դուք հաստատ կգտնեք ձեր երազանքների աշխատանքը կամ պաշտոնը, որը կլինի ձեր գերնպատակը, որին դուք պետք է հասնեք։ Հարցրեք ինքներդ ձեզ, թե ի՞նչ գործունեություն եք պատրաստվում ծավալել,  ինչպե՞ս դուք դա կանեք, ի՞նչը ձեր մեջ կփոխվեր, ինչպո՞ս կընդլայնվեին ձեր հնարավորությունները։ Այժմ արդեն կարելի է իջնել «երկնքից», եւ այդ նույն աշխատանքը գտնել իրական աշխարհում։ Մտածեք, թե ի՞նչ պատասխանատվություն եք կրելու, ի՞նչ կարող եք առաջարկել գործատուին եւ արդյոք դրա պահանջարկը կա՞, թե ոչ։

Վերլուծեք.  կարողացեք ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները, մասնագիտական հմտությունները եւ մարդկային որակները։ Նույնիսկ եթե ձեր փորձը կապ չունի ցանկալի աշխատանքի կամ պաշտոնի հետ , ապա պետք է մտածեք, թե ինչպես եք գործի անցնելու, ինչը ձեզ հեշտ կտրվի, իսկ ինչը կարող է դժվարություններ առաջացնել ձեր ճանապարհին, ինչպիսի ունակություններ եւ գիտելիք է պահանջվում այդ հարցում՝ փորձառու եւ լավ մասնագետ դառնալու համար, ի՞նչ է ձեզ պակասում եւ ի՞նչ է պետք սվորել։

Պլանավորեք ձեր անելիքները. համեմատելով ձեր գիտելիքները ցանկալի աշխատանքի համար պահանջվող հմտությունների եւ ունակությունների հետ՝ հասկացեք եւ պլանավորեք, թե ինչպես եք պատրաստվում ստանալ այդ պաշտոնը։ Միգուցե պետք է քննություն հանձնել, որակավորումներ են պետք… կազմեք ձեր գործողությունների պլանը, հստակ ժամկետներ սահմանեք յուրաքանչյուր փուլի համար՝ այս պատասխանատու գործընթացը ղեկավարելու համար։

Ցուցում. ցանկացած մարդ պետք է իր անհատական ծրագիրը մշակի եւ փորձի հասնել իր հաջողակ կարիերայի գագաթնակետին։ Այս ճանապարհին դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ եւ ավելի ներդաշնակ ապրել։

Ձեր երազանքի աշխատանքը  Ձեզ է սպասում։