Հավի մսով ռուլետ,,,

Հավի մսով ռուլետը հիանալի ճաշատեսակ է, որը կարող է զարդարել ձեր տոնական սեղանը: Ուտեստը շատ համեղ է եւ ամենակարեւորը վնասակար չէ ոչ օրգանիզմի, ոչ էլ կազմվածքի համար:

Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է հավի երեք ֆիլեն լվանալ եւ բարակ շերտերով կտրատել: Այնուհետեւ պետք է հավի մսի շետերը դասավորել այնպես, որ դրանք իրար ծածկեն եւ մեկ ամբողջություն կազմեն: Այսպիսով, ստացված մեկ շերտն արդեն կարելի է համեմել աղով, պղպեղով եւ այլ համեմունքներով՝ ըստ ճաշակի: Հաջորդ քայլով պետք է այս ամբողջական շերտի միջին մասը լցոնել. լցոնի համար կարելի է օգտագործել պանիր կամ տապակած սունկ, ապխտած միս, լոլիկ եւ այլն: Այս ամենից հետո պետք է միսը զգուշությամբ փաթաթել ռուլետի նման եւ թելով կարել: Սկզբում ռուլետն անհրաժեշտ է տապակել բուսական յուղով լի թավայի մեջ, այնուհետեւ մեկ ժամ եփել ջեռոցի մեջ:

Պատրաստված հավի ռուլետը պետք է թողնել, որ սառչի եւ դրանից հետո միայն այն կտրատել. տաք վիճակում ռուլետը շատ դժվար է կտրատել, նույնիսկ եթե դանակը շատ սուր է:

Ստացված ռուլետի շերտերն արդեն կարելի է դնել աղցանամանի մեջ եւ մատուցել ձիթապտղով, թարմ բանջարեղենով եւ ֆրանսիական մանանեխով:

Բարի ախորժակ