Համաձայն ՄԱԿ տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների` Հայաստանում ծնունդների թիվը 2050թ.-ին կարող է նվազել մինչև 24.000։ Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
Հայաստանում ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.656, այն երկու տասնամյակից ավելի զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1)։
Հայաստանյան գործակիցը ցածր է հարևան պետությունների համանուն ցուցանիշներից. այսպես՝ Ադրբեջանում այն կազմում է 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75, Իրանում` 1.69, իսկ Թուրքիայում` 1.89։
Վերջերս հրապարակված ՄԱԿ զեկույցը վկայում է, որ ծնելիության մակարդակի նվազման միտումը կրում է գլոբալ բնույթ և մոլորակի բնակչության 2/3-ն ապրում է երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է 2.1-ից։ Սա համարվում է բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը: Մասնավորապես՝ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, գործակիցը կազմում է 1.5:
Համաձայն ՄԱԿ տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների, որը համարվում է ժողովրդագրական հարցերով զբաղվող առավել հեղինակավոր կառույցներից մեկը, Հայաստանում ծնունդների թիվը 2050թ.-ին կարող է նվազել մինչև 24.000, իսկ ծնելիության գումարային գործակիցը կկազմի 1.6:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2021 թ-ին ծնվել է 36585 երեխա, 2020թ-ին ծնվել է 36 448 երեխա։ Իսկ 2017թ–ին ծնվել է 37 700 երեխա։
Արդյունքում մեր երկրի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը շուրջ 2,6 միլիոն բնակիչ:СТ

