Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 383-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Պետրոսյանի
վարած ВАЗ 2107 մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջավանշիր Աբեդիի վարած Scania մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, իսկ 07-ը վերածվել է մետաղե ջարդոնի:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին,
որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ մասի պետ Ահարոնյանի գլխավորությամբ: