«Մոսկվան չէր հավատում, որ ՀԱՅԵՐԸ նման համալիր կկառուցեն, նրանք նախատեսում էին նախագիծը իրականացնել 20 տարի հետո»․ գիտե՞ք, թե ինչում էին ուզում մեղադրել ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ և ինչու էին համալիրում գտնվող բոլոր բանվորները թաքնվել անտառում

Դեռ 1960-ական թվականների վերջին «Հայպետնախագիծը» հաղթող էր ճանաչվել տասը հազար տեղանոց Մարզահամերգային համալիրի կառուցման մրցույթում: Սակայն այդ նախագիծը չիրականացավ՝ ֆինանսական խնդիրների պատճառով: 1975 թվականին Հայաստանի կառավարությունը դիմեց Մոսկվային՝ Մարզահամերգային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հեղինակային խումբը մի քանի նախագիծ էր մշակել: Շատ բարդ կառույց էր, նմանակը չունեցող: Չնայած նրան, որ Մոսկվան հաստատել էր նախագիծը, միևնույն է, չէր հավատում, որ մեզ կհաջողվի իրականացնել այն: Հաշվարկները ստուգելու համար դիմեցին երկու անկախ էքսպերտային կազմակերպություններին՝ Մոսկվայում և Կիևում: Ութ ամիս տևեց միայն նամակագրությունը, որի ընթացքում մանրամասնում էինք մեր բոլոր խիզախ կոնստրուկտորական քայլերը: Մոսկվայից մեզ ասում էին, որ այն, ինչ մենք նախագծել ենք, նրանք նախատեսում էին իրականացնել միայն 2 տասնամյակ հետո:

Այս կառույցի համար մեր ստեղծագործական խումբը ստացավ հեղինակային իրավունքի պատենտներ, այդ թվում՝ պտտվող բեմի նախագծման եւ կառուցման համար: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյան` ամբողջ գիշեր տաշում էինք արձանների դեմքերը։ Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Հրաչ Պողոսյանի, Սպարտակ Խաչիկյանի հետ մենք արդեն համագործակցության փորձ ունեինք` միասին աշխատել էինք Երիտասարդական պալատի ստեղծման վրա: Մարզահամերգային համալիրը շատ «ծանր» օբյեկտ էր, որը հսկայական ճանապարհ անցավ: Համալիրի ստեղծման համար պետք է երախտապարտ լինենք նախ և առաջ Կարեն Դեմիրճյանին:

Գորելյեֆի էսքիզների վրա սկսել եմ աշխատել 1980թ.-ին, աշխատանքս ավարտել եմ 1984-ին: Գորելյեֆը պատրաստված է Լենինականի Գյուլբուլաղի տուֆից, թեման՝ Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է: Քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր: Ընդհանուր ֆիգուրների քանակը 330 է:

Կենտրոնում պատկերված է Վահագնի ծնունդը, կողքերը՝ քոչարի պարը, երգչախումբ, գիտություն, բերքահավաք, առատություն, հեղափոխության ամբոխ…եւ այդ բոլորը միասին Հայաստանն է: Մի հատվածում պատկերել եմ մեր ստեղծագործական խմբի անդամներին. կենտրոնում Արթուր Թարխանյանն է, կողքին՝ Հրաչ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, կոնստրուկտորներ Գրիգոր Ազիզյանը, Իգոր Ծատուրյանը եւ ես:
Մտածում էինք, թե ո՞ւմ քանդակենք ձախ հատվածում: Որոշեցի պատկերել այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Համալիրի ստեղծման գործում` Կարեն Դեմիրճյանին, Ֆադեյ Սարգսյանին, Հրանտ Հայրապետյանին:

Բացումից մի քանի օր առաջ մեկնել էի Լենինական, երբ ինձ հանկարծ երկու միլիոցիոներներ մոտեցան և ասացին, որ շտապ գնամ Լենինականի քաղաքապետ Դոնարա Հարությունյանի մոտ: Նա էլ ասաց, որ ինձ փնտրում են ու ես պետք է շտապ վերադառնամ Երևան: Երևանում ինձ սպասում էին Ֆադեյ Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը: Նրանք ասացին, որ պետք է քանդեմ իրենց պատկերող քանդակների դեմքերը, քանի որ «մեծ քաղաքը» դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ: Շատ հուզվեցի, չէի ուզում քանդել, սակայն ստիպված էի: Ամբողջ գիշեր ընկերոջս՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հետ տաշում էինք արձանների դեմքերը:

Բացումից մի քանի ամիս հետո ինձ կանչեցին Կենտկոմ՝ երկրորդ քարտուղար Գենադի Անդրեևի մոտ: Ներս մտա, նա ինձ շատ ջերմ ընդունեց: Նստած էր նաև Կարեն Ղամբարյանը և 3-4 ռուսներ: Նրանք սկսեցին ինձ գովել, ասացին, որ շատ են հավանել գորելյեֆը: Վերջում հանկարծ հարցրեցին : ”А Карен Серобович знал, что вы ваяете его фигуру?”: Պատասխանեցի, որ այո, տեղյակ էր: “А он вам позировал?” Պատասխանեցի, որ ոչ, լուսանկարից եմ քանդակել: Հասկացա, որ Դեմիրճյանին ուզում էին մեղադրել “культ личности”-ի համար: Մի քանի ամիս անց դեպքը կրկնվեց, Մոսկվայից ժամանեց մի խումբ, ինձ կրկին կանչեցին և սկսեցին հարցաքննել, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց Կարեն Սերոբովիչին առաջադրել այդ անհիմն մեղադրանքները: Ի դեպ, նախատեսվում էր նաև շատրվանները զարդարել քանդակներով, սակայն ամեն ինչ արեցին, որ այդ մտահղացումը չիրականանա: Ենթադրում էին, որ ցանկանում ենք կառուցել «Каренгоф» (ակնարկելով Պետերգոֆի անվանումը):

Համալիրի կառուցումը հեշտ չէր: Խանգարող հանգամանքները շատ էին, այդ թվում՝ ֆինանսական խնդիրները: Ի սկզբանե բյուջեն սահմանափակ էր: Մի ժամանակահատված եղավ, երբ Համալիրի կառուցման գործընթացը լիովին սառեցվել էր: Ֆինանսական խնդիրների պատճառով Մոսկվայի որոշմամբ կոնսերվացիաի էին ենթարկվել ՍՍՀՄ-ի տարածքում կառուցվող բոլոր նման օբյեկտները: Դեմիրճյանն ասաց, որ մենք կանգ չենք առնի և կշարունակենք մեր գործը: Շուտով մեզ մատնեցին և Մոսկվան, առանց Հայաստանի կառավարությանը զգուշացնելու, հանձնաժողով ուղարկեց՝ իրավիճակը զննելու նպատակով: Սակայն հանձնաժողովի՝ Երևան ժամանելուն պես, օդանավակայանի տնօրինությունը կապվեց Ֆադեյ Սարգսյանի հետ և տեղեկացրեց, որ «հյուրեր» են սպասվում: Նա էլ անմիջապես կարգադրեց, որ համալիրում գտնվող բոլոր բանվորները թաքնվեն անտառում՝ մինչև հանձնաժողովի մեկնելը: Եթե ինչ-որ մեկը այդ պահին անտառ մտներ, կմտածեր, որ հայտնվել է պարտիզանների մասին ինչ-որ կինոնկարում:

Հանձնաժողովի անդամների զարմանքը բավականին մեծ էր, երբ սպասված «եռացող» աշխատանքի փոխարեն նրանք ամայի շինհրապարակ տեսան: Հետագայում, Դեմիրճյանը մեկնեց Մոսկվա, որտեղ նրան հաջողվեց ստանալ ոչ միայն աշխատանքը շարունակելու թույլտվությունը, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Համալիրի բացումը շատ տոնական էր և հանդիսավոր: Բացումից առաջ Կարեն Դեմիրճյանն անձամբ ստուգեց հրավիրվածների ցանկը և շատ բարկացավ, երբ տեսավ, որ այնտեղ չեն ընդգրկվել վարպետների անունները: Անմիջապես հրամայեց ավելացնել: