3 երեխաների հայրը առանց մեկ վայրկյան մտածելու կամավոր մեկնեց առաջնագիծ. Կարդացե՛ք 35-ամյա ՀԵՐՈՍ Մանվել Խարդանյանի պատմությունը

35-ամյա Մանվել Խարդանյանը պատերազմի բոթն իմանալուն պես, առանց երկար-բարակ մտածելու, որոշում է մեկնել ռազմաճակատ և մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։

Մի քանի անգամ զինկոմիսարիատից Մանվելին մերժում են, բազմաթիվ փորձերից հետո, հոկտեմբերի 4-ին որպես կամավորական տարել են Հադրութ, իսկ հետո տեղափոխել են Ջրական՝ Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 16-ին ծանր մարտեր են մղում թշնամու դեմ, Մանվելը բեկորային ծանր վիրավորում է ստանում։

«Տղայիս չկարողացանք համոզել, որ չկամավորագրվի։ Մեր զինկոմը չորս անգամ մերժել էր, տուն չէր գալիս, ասում էր՝ այնքան եմ մնալու, մինչև տանեն, և չի նահանջել, մինչև վերջ գնացել է։ Ոչ ոքի չլսեց, իրեն ասել էին՝ մի գնա, կեսը հետ են գալիս, ասում են՝ մսաղացի բերան ես գնում։ Ասում էր՝ թուրքը գա հասնի բոլորիդ կոտորի՞։ Ամուսինս էլ առաջին արցախյան պատերազմի մասնակից է եղել, վիրավորվել է, բայց մահացել է 9 տարի առաջ։

Մոսկվա պետք է գնար, տոմսերը գնած էր։ Բելառուսով չգնաց, գարունը գնում էր, աշունը գալիս էր։ Տասը տարի Մոսկվայում էր աշխատում իր կնոջ եղբոր հետ»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված կամավորական Մանվել Խարդանյանի մայրը՝ Մարինե Խարդանյանը։

Տիկին Մարինեն պատմում է, որ պատերազմի ընթացքում, երբ խոսել է որդու հետ, Մանվելն ասել է՝ մամ, հաղթանակով եմ գալու, որ մեր բակում տոնենք մեր հաղթանակը։

«Վերջին անգամ Մանվելիս հետ խոսել ենք հոկտեմբերի 14-ին, ասաց՝ ես լավ եմ, դուք լավ եղեք… շատ կարճ խոսակցություն էր։

Երեխաները շատ ծանր են տանում… Սամվելս մեծ է՝ 12 տարեկան, մենք իրեն ասում ենք, որ հայրիկը քեզ լսում ու կատարում է քո ցանկությունները, քո պապան անմահ է։ Սամվելս հասկացավ, իսկ Րաֆֆիս մինչև հիմա չի հավատում։ 8 տարեկան է, սկսեց լավ չխոսել, «Ժեստ» կենտրոն է գնում, բայց ինքը ասում է՝ հայրիկս գալու է, իսկ Մանես 6 տարեկան է, ասում է՝ հայրիկս երկնքից նայում է… նկարում են իրենց հայրիկին սրտիկներով, գրում են՝ արի, կարոտել ենք։ Շատ նվիրված է եղել իր ընտանիքին։

Շատ բարի էր, ովքեր նեղության մեջ լինեին, կօգներ, իր վերջին ունեցածն էլ կտար։

Մեքենայով որ մի տեղ էինք գնում, ճանապարհին կկանգնեցներ մեքենան կասեր՝ այս կողմ եմ գնալու, հարմար է՝ նստեք։ Ասում էի՝ տղաս, միշտ էդպես եղիր, Աստված դեմդ կբերի»,- պատմում է անմահացած կամավորի մայրը։

Տիկին Մարինեն հիմա մեկ ցանկություն ունի՝ երկրում խաղաղություն լինի, և էլ ոչ մի երեխա առանց հայր չմեծանա։

«Չնայած հերոսի մայր լինելը շատ դժվար բան է, բայց մի կողմից որ իմ որդին մինչև վերջ պայքարել է և հետ չի նահանջել, դա ինձ ուժ է տալիս։ Կհաղթեին, եթե դավաճանություններ չլինեին, որ լսում եմ հեռուստացույցով դավաճանների մասին, սարսափում եմ»,- եզրափակում է Արցախյան պատերազմում զոհված կամավոր Մանվել Խարդանյանի մայրը՝ Մարինե Խարդանյանը։

Մանվել Սամվելի Խարդանյանը ծնվել է 1986թ. ապրիլի 12-ին Երևանում։ Ունի 3 զավակ։