«Մա՛մ, ի՞նչ ես ասում. ո՞նց կարամ ես ստեղ լինեմ, իսկ ընկերներս՝ դիրքերում. ես իրանց մոտ եմ գնում» 19-ամյա ՀԵՐՈՍԸ չխնայեց կյանքը՝ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Վանաձորցի Արգամ Սելիմյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան պատերազմը: Ծառայությանը նոր-նոր ընտելացած, զենքին ոչ լիարժեք տիրապետող նորակոչիկ Արգամը որպես վարորդ հմտորեն կատարել է իր պարտականությունները կրակային դիրքում՝ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստներ։

Եղբորս ծառայության ընթացքում մեկ անգամ ենք հասցրել տեսնել, այն էլ 30 րոպեով: Զինվորական հագուստով և հպարտ կեցվածքով դուրս եկավ, Արգամին որ էդ հագուստով տեսա, ինձ էնքան պաշտպանված զգացի: Երբ տեսակցությունն ավարտվեց, և եղբայրս գնաց, ես նկարում էի, շուռ եկավ ու նայեց ինձ… կարծես այդ հայացքով իրար հրաժեշտ տվեցինք: Արգամը թեքվեց և երկար ինձ նայեց և օդային համբույր ուղարկեց: Երբ զանգում էր, ասում էր՝ բայց ժամանակը քիչ էր, չհասցրեցի ձեզնից նորմալ կարոտս առնեմ, գրկեմ, բայց տեսակցության ժամանակ բոլորիս գրկում էր, ու իր վերջին հայացքը ինձ մոտ տպավորվել է, որպես հրաժեշտի հայացք լիներ»:

«Պատերազմի ժամանակ կռվել է ամենաթեժ տեղերում: Սկզբում կռվել է Հադրութում, հետո պարզվել է՝ որտեղ իրենք կռվում են, էդ տարածքը գրավված է եղել, մի կերպ կարողացել են դուրս գալ շրջափակումից:

Հադրութում է կռվել, Ջրականում, Կուբաթլուում, Կարմիր շուկայում, և հենց Կարմիր շուկայում էլ Արգամը զոհվել է:

Սեպտեմբերի 27-ին տղերքը Շամշադինից պիտի գնային Արցախ, եղբայրս վարորդ էր, և էդ պահին Արգամը մեքենա չուներ կռվի դաշտ գնալու համար: Մեքենան մինչ իրեն հասնելը պայթեցվել էր հակառակորդի կողմից: Երբ հոկտեմբերի 14-ին նրանց շարք էին կանգնեցրել, տվել էին իր ընկերների անունները, ովքեր պիտի գնային կռվի դաշտ, իրեն ասել էին, որ չեն տանելու մեքենա չունենալու պատճառով. շատ էր տխրել: Նեղված մամայիս զանգել ասել է՝ մամ, գիտե՞ս, ինձ չտարան… Մամ, ես ո՞նց էստեղ նստեմ, երբ իմ ընկերները կռիվ են տալիս:

Հայրս ամեն օր ասում էր՝ Արգամ, տղերքը հետ են գալու, դու մի գնա:

Ասում էր՝ հա, պապ, եղավ… գիշերը ժամը 3-ի կողմերը զանգեց և ասաց, որ Արցախ է գնում:

Տեղ հասնելուն պես զանգեց ու միակ բանը, որ ասել է՝ պապ, մաման ո՞նց է, պապաս ասաց՝ լավ է, ցավդ տանեմ, դու ասա՝ ոնց ես, ոնց տեղ հասար: Պապայիս ասել էր՝ պապ, չես պատկերացնի, բայց կարողացանք տեղ հասնել»,- շարունակում է Մերի Սելիմյանը:

Արգամ Առաքելի Սելիմյանը ծնվել է 2001թ. նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Բազում գյուղում: 2020թ. հուլիսին է զորակոչվել բանակ: Քանի որ հուլիսյան մարտերն էին, և Արգամը նորակոչիկ էր, մինչ երդման արարողությունը նրան տարել էին Վանաձորի «ԴՈՒՑ»-ի զորամաս, այնուհետև՝ երդման արարողությունից հետո, ծառայությունը շարունակել է Շամշադինում: