Բժիշկներն ինձ ապրելու հույս չէին տալիս, բայց հարսիս էս աղոթքով փրկվեցի․ Ամեն օր փառք եմ տալիս Տիրոջը

Ընկել էի հիվանդանոց ու շատ ծանր ախտորոշում ունեի։ Չէին հասկանում՝ ինչից սկսել, որ հիվանդությունս բուժել, ու մի պահ անգամ ապրելուս հավանականությունը շատ ցածր էր, ինչպես հետո ինձ պատմեցին։

Երբ անգիտակից էի, հարսս էր իմ խնամողը, քանի որ մի տղա ունեմ, դուստր չունեմ։ ՆԱ իսկական դուստր է սակայն, շատ աղջիկներից ավելի հոգատար, իսկական մի հրեշտակ, որ Աստծո օրհնությամբ համալրել է իմ փոքրիկ ընտանիքը։ Լինելով շատ հավատքով աղջիկ՝ հարսս ամեն օր, ամեն ժամ կարդում էր ինձ համար Սուրբ Գրիգոր Նարեկացու բժշկության աղոթը։

Կատարվեց անհնարինը՝ բուժվեցի, ոտքի կանգնեցի։ Գիտեմ՝ հզոր բժշկության, բայց և հարսիս այս աղոթքների շնորհիվ եմ հիմա ողջ ու առողջ։
Այս հզոր աղոթքը դուք էլ կարդացեք։

Բժշկության աղոթք

Կեսգիշերային այս լռության մեջ
Նշանդ օրհնյալ՝ ձեռքիս մատներով
Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ՝
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից,
Մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ
Այս տխրաթախիծ անուրջների դեմ,
Արյամբդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ,
Կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի,
Քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան,
Վեր հառած աչքիս տեսության հանդեպ
Թող որ պատկերվի խորհուրդը միայն
Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների քո գործիքը թող
Սեմիս ճակատին դրոշմվի ամուր,
Հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության:
Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան.
Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ,
Մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝
Խոստովանում եմ ամենագետիդ
Անօրեն ու չար գործերս բոլոր:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ

Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ։
Սակայն կնայես նրան, ո՜վ գթած,
Ու կհոտոտես ավելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ.
Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ։
Մտքիս խոհածուփ սենյակի խորքից
Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող,
Որպես բանական՛ զոհաբերություն,
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։
Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ,
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Հակոբի ցեղի,
Ըստ մարգարեի ամբաստանության,
Կամ թե սաղմոսի առակում հիշված
Անիրավությունն այն Բաբելոնի.
Ընդունելի թող լինի կամքին քո,
Ինչպես Սելովի խնկաբուրումն այն` Դավթի խորանում,
Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի,
Որն իր վերստին գերեդարձությամբ
Ասես նաև իմ կորուսյալ հոգու
Վերագտնումն է խորհրդանշել։ Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝
Ձայնը ահավոր քո դատաստանի,
Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,
Եվ չար ու բարի խորհուրդներն ահա խմբված բազմությամբ,
Սպառազինված զենք ու սուսերով՝
Բախվում են իրար ոսոխների պես,
Դարձնելով համակ ինձ մահվան գերի,
Ըստ հին դիպվածի, երբ շնորհը քո դեռ ինձ չէր հասել։
Առաքյալներից Պողոսը ընտրյալ
Մովսեսի օրենքն համեմատելով այդ շնորհի հետ՝
Գերադասում է փրկագործումը Քրիստոս Աստծո։
Բայց եթե, ինչպես Գիրքն է վկայում,
«Մոտ է տիրոջ օրն», երբ արդարության ժամադրավայր
Հովսափաթի այն նեղանձուկ հովտում
Եվ հեղեղատի ափին Կեդրոնի
Փոքր հանդեսներում՝ երկրային կյանքի օրինակներով
Հանդերձյալները պիտի պատկերվեն,
Ապա ուրեմն հասել է արդեն նաև ինձ վրա
Դատաստանն արդար մարմնացած Աստծո,
Որը գտնելով ինձ վնասապարտ՝
Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով,
Որոնք ուղղախոս ամբաստաններ են,
Պիտի դատի ինձ ավելի սաստիկ,
Քան մի ժամանակ նրա բարձրացած ձեռքն հարվածելով՝
Եդովմայեցի ու փղշտացի
Եվ այլ բարբարոս ազգերի պատժեց.
Քանի որ նրանց պատուհասները կարճատև եղան,
Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի և ո՛չ էլ վախճան.
Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարեի ու առակողի,
Դռանս հասած, տագնապելով ինձ,
Գծագրում են այստեղ իսկ ամոթն հավիտենական։
Արդ, դու, միայն դու կարող ես դեղեր հրաշագործել՝
Կյանք տալու համար այն հոգիներին.
Որոնք մատնվել են ամենավարան
Վտանգների ու տարակուսանքի,
Ամենաքավի՜չ, անպատում փառքով հավիտյան գովյալ՝
Անհասանելի քո բարձունքներում։

Աղոթք դիվաց դեմ պայքարի

Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի,
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով` մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց,
Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ,
բայց մաքրվեցինք մշտնջենապես:

Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու արտաքսվելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին:
Եվ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դեմքերից արցունքն ողբագին
Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն,
Հիշելով հարվածները քստմնափուշ,
ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,
Որոնցով գամվեց Միածինը քո` խաչի
աշտարակի վրա` թող չարը ցավի գա
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապես մեծ վերք ընդունեց,
Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի՛, կորչի՜:
Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ գլուխը խոնարհեց քո գիրկը,
Բարձրյա՜լ,
Ուստի ապստամբությունն անբարի բարքի տեր Բելիարի
Թո՛ղ ի կոր կործանվի, ըստ ամենայնի կորուստի մատնված:
Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունն
թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում,
Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի
հոխորտ հպարտությունը
Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր հատակը դիտի,
Եվ թող որ հիշի առաջին հարվածն անբժշկելի,
Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի՝
Ամենազորի կենարար չարչարանքների գնով:

Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ Հոգուդ է
Խոստովանությունն այս, Հա՜յր ողորմության,
Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ
Մեկդ մյուսի զորությանը կարոտություն չունի:
Ուստի և մենք փառավորելով Բանդ անսկիզբ ու մարմնացած՝
Փառավորած կլինենք նույնպես Հորդ անժամանակ:
Եվ քեզ` միակ Սուրբ Երրորդությանդ,
Հավասարապատիվ տերությանդ, Համաբուն, անբաժան ինքնությանդ՝
Օրհնաբանություն, գոհություն, զորեղություն
Եվ անճառ վայելչություն մեծության բարեվիճակ հարթության,
Զուգակշիռ հավասարության` հավիտյանս. ամեն: