գայլի բացառիկ տեսակ է հայտնվել, հոշոտում են անգամ տնային շներին….

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն  տեղեկացրեց, որ տարածքում գայլերը շատացել են։ Վերջիններս մեծ վնասներ են պատճառել Շաղիկ գյուղի բնակիչներին՝ հոշոտելով 40 գլուխ անասունների։

Նա նաև ասաց, որ «Արփի լճի ազգային պարկի» աշխատակիցները ֆիքսել են 4 կապտավուն և մեկ սև գայլերի։ «Տեղի բնակիչներն ու մեր աշխատակիցները փաստում են, որ սև գայլ մեր տարածքում երբևէ չեն տեսել։ Տվյալ ցեղատեսակը նորություն է մեր համար»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։

«Գայլերի տարբեր ոհմակներ են հայտնվել, շատ-շատ են։ Կապտավուն գայլերի հետ սև գայլ էլ կա։ Ըստ գրականության, բնության մեջ սև գայլեր չեն եղել, դրանք նորություն են, կան միայն Կանադայի տարածքում, սակայն խառնածին են, խաչասերման արդյունք են։ Հիմա դրանք հասել են մեր մոտ, չգիտենք Թուրքիայի տարածքից են եկել, թե Վրաստանից։

Կապտավուն գայլերը նորություն չեն մեր տարածքի համար, դրանք մարմնով, կառուցվածքով մեծ են՝ մինչև 80-90 կիլոգրամանոց գայլեր են։ Երևանի, հարակից տարածքների, Արցախի գայլերը մարմնով փոքր են, ամենամեծը մեր շրջանի գայլերն են՝ 60-50 կիլոգրամանոց են, կարելի է ասել շատ տպավորիչ են տեսքով։

Մեր զրուցակիցը թվարկեց գայլերի հասցրած վնասները։

«Մի շաբաթվա ընթացքում երեք հատ մոզի են կերել, դրանից մեկին հոշոտել են երեկ Գառնառիճ գյուղում։ Լուսանկարներ շատ կան մեր ձեռքի տակ։ Բնակիչները մեծ կորուստներ են ունենում, որսորդներն էլ ,բնականաբար ,Արփի լիճ ազգային պարկի տարածքում, նույնիսկ հարակից անտառներում չեն կարողանում որսալ, արգելված է։ Գայլերը շատ խելացի են, գայլ որսալու համար հատուկ գիտություն ու հատուկ միջոցներ են պետք, ամեն որսորդ չի կարողանում որսալ։ Եթե մեր պետությունը միջոցներ ձեռնարկի, լավ կլինի։Գյուղացիներին վնասներ հասցնելուց բացի, մեծ վնաս են հասցնում կենդանական աշխարհին, ոչնչացնում են նապաստակներին, եղնիկներին, վարազներին,անգամ տնային շներին։